Գլխավոր Նորություններ և իրադարձություններ ՍԱՍ Գրուպ` առողջ մրցակցություն ցանկացած ոլորտում

ՍԱՍ Գրուպ` առողջ մրցակցություն ցանկացած ոլորտում



03 Հուլիս 2011 

Հուլիսի 3-ը ՍԱՍ Գրուպի աշխատակիցների համար դարձավ անմոռանալի տոնական օր:  Կայացավ երկար սպասված ՍԱՍ Գրուպի ֆուտբոլային առաջնության եզրափակիչ խաղը: Այդ օրը ՄԻԿԱ մարզադաշտն իր եռուզեռով, թերևս, չէր զիջում ֆուտբոլային խոշորագույն եվրոպական կենտրոններին: Բոլորի տրամադրությունն անչափ բարձր էր, ինչին նպաստում էին թե´ երկրպագուների հոծ բազմությունը, թե´ նվագակցող շեփորների և թմբուկների ձայները, և թե´ աջակից խմբերի աղջիկների կրակոտ պարերը:

Մեկնարկը տրվել էր ապրիլի 30-ին, երբ ՍԱՍ Գրուպ ընկերության բոլոր ստորաբաժանումները ներկայացնող նախապես ձևավորված 24 թիմերն իրենց ավելի քան 200 մասնակիցներով, սահմանված ժամանակացույցի համաձայն,  անզիջում պայքարի դուրս եկան` նպատակ ունենալով հաջողությամբ հաղթահարել դեպի առաջնության եզրափակիչ տանող բոլոր խաղերը: Թիմերը հանդիպում էին և մրցում, իսկ պայքարն օր օրի գնալով թեժանում էր: Մրցարշավում մասնակցության իրավունք պահպանող թիմերի քանակը գնալով նվազում էր: Սակայն, դուրս մնացած ոչ մի թիմ իրեն պարտված չէր համարում, քանի որ այս առաջնության գլխավոր նպատակը ընկերության աշխատակիցների շրջանում  «առողջ մրցակցությամբ առողջ ապրելակերպի վարում» գաղափարի սերմանումն էր, ինչի հաջող իրականացմամբ արդեն իսկ կարելի է հպարտանալ: Թե´ անմիջական խաղացողների և թե´ նրանց երկրպագող ՍԱՍ Գրուպի այլ աշխատակիցների առօրյան նկատելի փոխվել էր. առաջնությունը ակտիվություն և ոգևորություն էր բերել բոլորի կյանքում:

Հուլիսի 3-ն այն խորհրդանշական օրն էր` եզրափակիչ խաղը, երբ երկու ուժեղագույն թիմերի հետաքրքիր պայքարի արդյունքում, վերջապես, հայտնի դարձավ հաղթանակած թիմի անունը:  Այս կարևոր իրադարձությամբ ոգեշնչված էին թե´ մասնակիցները, թե´ երկրպագուներն ու հյուրերը: ՍԱՍ Գրուպի ֆուտբոլային առաջնության եզրափակիչ փուլում խաղալու հնարավորություն էին նվաճել «Ռոյալ» և «Գուլիվերներ» թիմերը: Երկու թիմերն էլ առաջնության մեկնարկի օրվանից բավական դժվարին ճանապարհ էին անցել և յուրաքանչյուր խաղում հաղթանակ ձեռք բերել դրանց նախորդած օրերին քրտնաջան մարզվելու արդյունքում, ուստի, երկուսն էլ եզրափակիչում մտադիր էին ցույց տալ իրենց լավագույն հնարավորությունները:

Մրցավարի մեկնարկային սուլիչից մինչև խաղի ավարտն ընկած ժամակահատվածն անցավ անհավատալի հետաքրքիր ընթացքով: «Ռոյալ» թիմի խաղին բնորոշ էր ապշեցուցիչ արագաշարժությունը, որին դիմակայում էին «Գուլիվերների» հուժկու պաշտպանությունն ու անսպասելի  հակագրոհները: Գնդակն իրեն սպասեցնել չէր տալիս ոչ մի վայրկյան: 

Հաշիվը բացեց «Ռոյալը» առաջին խաղակեսի 5-րդ րոպեին, որին մի քանի ակնթարթ անց հաջորդեց երկրորդ գոլը «Գուլիվերների» դարպասին: Թվում էր, թե «Գուլիվերները» պետք է հանձնվեն, սակայն դա խաբուսիկ զգացողություն էր: Շատ կարճ ժամանակում «Գուլիվերները» հանդես եկան  պատախան գոլերով և նույնիսկ մի պահ առաջ անցան մրցակցից:  Երկրորդ խաղակեսին գոլերը երկու թիմերի դարպասներին հաջորդում էին մեկը մյուսին, և, ի վերջո, արագությունը հաղթեց ուժին: Խաղն ավարտվեց 8:4 հաշվով` ի օգուտ «Ռոյալի»: «Ռոյալ»-ը դարձավ ՍԱՍ Գրուպի 2011 թ. ֆուտբոլային առաջնության հաղթողը, իսկ «Գուլիվերները» նվաճեցին երկրորդ պատվավոր տեղը:

Առաջնության երրորդ և չորրոդ տեղերի համար նույն օրը  պայքարում էին «Կոլովիտա» և «Չեյնջ» թիմերը, որոնց խաղն ավարտվեց 8:5 հաշվով` ի օգուտ «Կոլովիտայի». վերջինս գրավեց երրորդ, իսկ «Չեյնջը»` չորրորդ տեղերը:

ՍԱՍ Գրուպի հիմնադիրներն արել էին հնարավոր ամեն ինչ խաղի անցակացումը լավագույնս  կազմակերպելու համար: Մասնակիցներին և բոլոր ներկաներին հատկապես ոգևորեց  և գերբարձր տրամադրություն հաղորդեց մրցանակաբաշխության բացառիկ շքեղ արարողության անցկացումը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին որջունեց և անձամբ շնորհավորելով նրանց մրցանակներ հանձնեց ՍԱՍ Գրուպ ընկերության համահիմնադիր Արտակ Սարգսյանը: Իր ողջույնի խոսքում նա մասնավորապես նշեց, որ առաջնության նպատակն էր առողջ ապրելակերպի գաղափարի տարածումն ընկերության աշխատակիցների շրջանում: Բարձր գնահատելով նրանցից յուրաքանչյուրի աշխատանքային եռանդը ընկերության զարգացման գործում` նա ասաց, որ հպարտ է իր աշխատակիցներով: Սահմանված կարգի համաձայն, ՍԱՍ Գրուպի ղեկավարը բրոնզե և արծաթե մեդալներով պարգևատրեց առաջնության երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած «Կոլովիտա» և «Գուլիվերներ» թիմերի խաղացողներին: Այնուհետև մրցանակաբաշխությունն անցավ հաղթանակած «Ռոյալ» թիմին, որի խաղացողներին հանձվեցին նրանց վաստակած ոսկե մեդալները: Բյուրեղապակյա ՍԱՍ Գրուպի չեմպիոնի գավաթի հանձնումն ուղեկցվեց տպավորիչ հրավառությամբ` ինչպես  տեղի է ունենում հեղինակավոր ֆուտբոլային առաջնությունների ժամանակ:

Եվ վերջում, իհարկե, հանձնվեցին գլխավոր ու խրախուսական մրցանակաները: «Ռոյալ» թիմի ողջ անձանակազմին տրվեց 7-օրյա գերազանց հանգստի ուղեգիր Անթալիայում: «Գուլիվերները» մեկ շաբաթ կանցկացնեն գեղատեսիլ Ծաղկաձորում, իսկ «Կոլովիտան» կունենա ժամանցային անմոռանալի երեկոյի հնարավորություն Երևանի լավագույն ռեստորանային համալիրներից մեկում:

Առաջնությունից մնացած արձագանքները, տպավորությունները և արդյունքներն անմոռանալի են… Ֆուտբոլային այս առաջնության կազմակերպման առաջին փորձը հաջողված է, ուստի ՍԱՍ գրուպի հիմնադիրները հավաստիացնում են` նոր ֆուտբոլային ավանդույթի ձևավորման սկիզբը դրված է, այն շարունակական ընթացք է ստանալու:

ՍԱՍ Գրուպի չեմպիոնի գավաթը դեռ նոր է մեկնարկում իր հաղթական ճանապարհը…


  Տեսաշարի դիտում >>>


«Բոլոր նորությունները»